Գուհար գորգ

01/06/2024

Այս հոյակապ գորգը, որը գորգագործի անվանով ա կոչվում է «Գուհար», չափազանց կարևոր պատմական փաստաթուղթ է՝ գունեղ պատմությամբ։ Գորգին առաջին անգամ անդրադարձ է կատարվել, երբ այն հայտնվել է 1899 թվականին Լոնդոնում, որտեղ լուսանկարվել է Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում և  հետագայում հրապարակվել Ֆ․Ռ․. Մարտինի կողմից 1908թ.-ին: Այնուհետև, սակայն, այն անհետացել է տեսադաշտից և նորից հայտնվել 1977թ.-ին, երբ վաճառքի է հանվել Լոնդոնի աճուրդում LeFevre and Partners-ի կողմից: Հարկ է շեշտել, որ «Գուհար» գորգը Բրիտանական թանգարանում չի գտնվում, ինչպես նշում են գորգի որոշ մասնագետներ:

 

Գորգը արցախյան ոճով է և պատկանում է վիշապագորգի ընտանիքին։

Գորգի վերին մասում կա արձանագրություն, որը ջերմեռանդ խնդրանք է և արտացոլում է գորգագործի հավատքը. «Ես Գուհարս մեղօք լի, հոգովս տկար, ես նորհաս ձեռամբ զսա գործեսցի, օվ կարդա մեկ բերան օղորմի թող ասի, թվին ՌՃ» (1100թ․, ժամանակակից օրացույցով՝ 1680թ․):



Ժամանակին, երբ գորգի մասին տեղեկությունները չնչին էին, այն շարունակում էր տարբեր մասնագետների համար բանավեճի թեմա լինել, հատկապես, քանի որ մակագրությունը, թվում էր, արհեստականորեն վաղ ամսաթիվ էր:

Ամսաթիվն այնքան էլ պարզ չէ իրականում, քանի որ մենք սովոր ենք ժամանակագրության, որտեղ 4 թվեր կամ տառեր հաջորդաբար ներկայացնում են հազարամյակը, դարը, տասնամյակը և տարին։ Այստեղ երկու տառ է, որոնցից մեկը հազարամյակն է ներկայացնում, մյուսը՝ դարը։ Մասնագետների կողմից, սակայն,  առաջարկվել է տարեթիվն ընդունել 1129 թվականը՝ ըստ հայկական օրացույցի, որը սկսվել է 551 թվականին; Ժամանակակից քրիստոնեական օրացույցով սա 1679-80 թվականներն է: Ամսաթիվը որոշների կողմից կարդացվել է նաև որպես 1149 կամ մ.թ. 1699-1700 թվականներ, մինչդեռ մյուսները ենթադրում են, որ ամսաթիվը վերաբերում է իսլամական օրացույցին, որը սկսվել է մ.թ. 621 թվականին և, հետևաբար, պետք է լինի 1732 թվականը: Թեև եղել են նաև կասկածներ, որ ամսաթիվը փոփոխվել է, սակայն գորգը կեղծելու որևէ ապացույց երբևէ չի հայտնաբերվել: Որոշ մասնագետներ ենթադրում են, որ արձանագրությունը պատճենվել է ավելի վաղ գորգից։ Ինչպես բազմաթիվ վիճահարույց գորգերի դեպքում, այստեղ էլ պետք է պատասխանը փնտրել հենց գորգի մեջ:

 

«Գուհար» գորգի դիզայնն իր մեծ, հղկված արմավենիներով և մեդալիոններով, կարելի է դասել կովկասյան Քասիմ Ուշագ կոչվող գորգերի շարքին, որոնք հավանաբար սկսել են գործվել XVII դարում և տարածվել մինչև XIX դարի սկիզբը: Այս գորգերին բնորոշ են ուղղահայաց առանցքի յուրաքանչյուր ծայրին պատկերված մեծ արմավները, ինչպես նար դրանց կողքերի դեղին դաշտով եզրագոտիները։ Կենտրոնական մեդալյոնը, հիմնադաշտի չորս փոքր արմավները և Գուհարի եզրագոտիները համահունչ են տասնյոթերորդ կամ տասնութերորդ դարերի գորգերում հայտնաբերված դիզայնի տարրերին: Նույն եզրագոտին տեսնում ենք նաև  Սան Ֆրանցիսկոյի կերպարվեստի թանգարանի հավաքածուի վիշապագորգի վրա։ Գույները, սակայն, բնորոշ չեն ավելի վաղ գորգերին։ Այստեղ զարմանալիորեն փոքր քանակությամբ մուգ կապույտ է առկա, նաև աչքի է զարնում կանաչի և դեղինի անսպասելիորեն առատ օգտագործումը: 

Այսպիսով, թեև գորգը կարծես թե հիմնական գորգատեսակ չէ, համոզիչ ապացույցներ չկան, թե այն այնքան հին չէ, որքան հուշում է ամսաթիվը։ Անշուշտ, դրա՝ որպես արվեստի յուրահատուկ նմուշի մասին կասկած անգամ լինել չի կարող։

 

Դիզայնի, գույնի, հյուսվածքի և կոմպոզիցիայի հավասարակշռությամբ Գոհարը  հաջողված և հոյակապ գորգ է: Հայկական ծագումը, որը դժվար թե կասկածի տակ դրվի՝ հաշվի առնելով մակագրությունը, օգնում է նաև շատ ավելի լայն թվով գորգեր դասել հայկական գորգագործական մշակույթին։

 

Աղբյուր՝ 

Lucy Der Maneulyan, Murray L.Eiland, Weavers, Merchants and Kings, The Inscribed Armenian Rugs, Kimbell Art Museum. 

H.M.Raphaelian, Rugs of Armenia, Their History and Art

F.R. Martin. HistoryofOriental Carpets before 1800. Vienna, 1908.

Ջրաբերդ գորգ

01/06/2024

«Ջրաբերդ» տեսակի գորգերը դասվում են վիշապագորգերի խմբին:Այդ խմբի գորգերը տարբեր աղբյուրներում անվանվում են նաև «Չարաբերդ», «Չալաբերդ», «Արծվագորգ», «Ադլեր-Ղազախ» և այլն։ Գորգի վաղագույն օրինակները թվագրվում են 17-18-րդ դարերով: «Ջրաբերդ» տեսակի գորգերը տարածված են եղել մեծամասամբ  Արցախի, Սյունիքի գորգագործական կենտրոններում:

 

«Ջրաբերդ» խմբի գորգերի հիմնական բնորոշիչը խաչաձեւ առանցքով խոշոր ու բարդ հորինվածքն է, որի յուրաքանչյուր գագաթին պատկերվում են ոճավորված զույգ թռչնագլուխներ։ Այդ ամենը լրացված են ճառագայթանման հավելվածներով, որը Աշխունջ Պողոսյանն անվանում է «ճառագայթազարդ հորինվածք»: Կենտրոնում՝ շեղանկյուն զարդաշրջանակում ամփոփված է քառաթերթ վարդակ, որը հայոց զարդարվեստում հայտնի է նաև «զարդ աշխարհի» անվանումով։

 

Ըստ Աշխունջ Պողոսյանի դասակարգման՝ տարբերակվում են “Ջրաբերդ” խմբի գորգերի երկու ենթախումբ՝ «Դասական ջրաբերդ» և «Ուշ ջրաբերդ»։ 

«Դասական ջրաբերդ»-ին պատկանող գորգերը թվարգվում են 17-18-րդ դարերով  և հիմնականում բնորոշվում են «ճառագայթազարդ» հորինվածքով և ոճավորված վիշապապատկերներով: Այդ ենթախումբն իր հերթին ունի մի քանի տիպի գորգեր․ 

-«Գուհարյան Ջրաբերդ»: Այս տիպին պատկանող գորգերի գեղազարդման համակարգում, բացի հիմնական հորինվածքից, առանցքային նշանակություն ունեն նաև վիշապի երկուական ոճավորումներից կազմված քնարաձև հորինվածքները, որի դասական նմուշը 1700 թվականին գործված հայտնի «Գուհար» գորգն է: Այս գորգերի ծագման հիմնական տարածաշրջաններն Արցախն ու Սյունիքն են։ 

-«Ձկնավոր Ջրաբերդ»: Այս գորգերի գեղազարդման համակարգում հավասարապես կարևորված են «Ջրաբերդ» հորինվածքը, բազմաթերթ տարատեսակ վարդակներն ու ձկնակերպ խոշոր ոճավորումները: Այս տիպին պատկանող ու 18-րդ դարով թվագրվող մի ուշագրավ նմուշ պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։  Այս գորգի գեղազարդման համակարգի մի յուրահատկությունն էլ այն է, որ հիմնական հորինվածքի հանդիպակաց գագաթներին կան աղեղնաձև բարդ նախշեր, որոնք նմանվում են ձկնապատկերների: Ծագման տարածաշրջանները համարվում են հյուսիս-արևմտյան Պարսկաստանի ու արևելյան Վասպուրականի գորգագործական կենտրոնները։

 

«Ուշ ջրաբերդ» - թվագրվում են 19-20-րդ դարերով։ Այս ենթախմբի գորգերը ստեղծվել են դասական գորգերի գեղազարդման համակարգերի հետագա զարգացումների հիման վրա, սակայն այստեղ չկան վիշապի քնարաձև ոճավորումներ։ Այս ենթախմբի գորգերի տիպերն են․

-«Ջրաբերդ», որը բնորոշվում է մեկ կամ մի քանի «ճառագայթազարդ» դասական հորինվածքով: Սրանց գործելու հիմնական տարածաշրջանները համարվում են Արցախն ու Սյունիքը։  Այս տիպին կարելի է դասել Վ․Թաթիկյանի կողմից «Յան» անվանվող ուղեգորգերը, որոնց հորինվածքը ձևավորվում է հիմնական վահանի կրկնությամբ։ Առավել տարածված են եղել Արցախի Խաչեն և Վարանդա գավառներում։ Որոշ գորգերում վահանը սեղմվել է, նրա տասներկու ճառագայթներից ութն են մնացել, կենտրոնական խաչն ու դրա թևի կեռաձև արծվենյակներն անհետացել են, սակայն գորգի հմայքը, միևնույն է, պահպանվել է։ «Յան» տեսակի ուղեգորգերը փռվում էին հանդիսությունների ժամանակ, ընտանիքի ավագները նստում էին ամենքը մեկ վահանի վրա՝ այսպիսով վահանին տալով պահպանիչ նշանի խորհուրդ։ Վահանների տարբեր տարատեսակներ խորհրդանշում էին առանձին տոհմերի գերբերը։ 

-«Ջրաբերդ- Վարանդա» տեսակն ունի բացված թևերով թիթեռի տեսք ունեցող հորինվածք, իսկ կենտրոնում «զարդ աշխարհի» քառաթերթ վարդակն է: Բացի հիմնական հորինվածքից, գորգադաշտի գեղազարդման համակարգը լրացվում է մանր բուսանախշերով ու կենդանակերպ ոճավորումներով: Այս տիպի տասնյակ կատարյալ նմուշներ վերաբերում են Արցախի Վարանդա գավառի գորգագործական կենտրոններին ու հատկապես Բերդաշեն գյուղին։ Չի բացառվում, որ այդ տիպը 19-րդ դարի վերջերում արված այն գորգանկարներից կարող է լինել, որոնք կատարվեցին մասնագետ նկարիչների կողմից ու տրամադրվեցին Կովկասյան տնայնագործական միության արտելներին ու անհատ տնայնագործներին:

-«Ջրաբերդ-Դիզակ»-ի դեպքում տասներկու ճառագայթների փոխարեն ներկայացված են նույնքան ոճավորված թռչնագլուխներ: Այս հորինվածքի կենտրոնում լինում է երկայնաձիգ ութանիստ զարդ: Դրա ուղղաձիգ գագաթներին մեկական խոյեղջյուր պատկեր է, իսկ վերջինիս երկու կողմերին՝ մեկական թռչնակերպ ոճավորում: Գեղազարդման համակարգի կարևոր բաղադրամասերից է նաև «Կենաց ծառ» զարդանախշը, որը սովորաբար պատկերվում է հիմնական հորինվածքի եզրերին: Այս տիպի գորգերը հատկապես բնորոշ են Արցախի Դիզակ գավառի գորգագործական կենտրոնին: Այն տարածված էր նաև Զանգեզուրի գորգագործական կենտրոններում՝ հատկապես Տեղ, Կոռնիձոր, Խնձորեսկ գյուղերում, Գողթան գավառում, Երնջակում, Շարուրում։

 

Կցանկանայինք նաև հավելել, որ թեև Ջրաբերդ տեսակի գորգերը բնորոշ են հատկապես Սյունիքի և Արցախի գորգագործական կենտրոններին և ընդունված տեսակետ է, որ այնտեղ էլ ծագել են, սակայն հայտնի է նաև, որ դրանց առանձին տիպեր ու տարբերակներ տարածված են գորգագործական այլ կենտրոններում ևս՝ մասնավորապես Այսրկովկասի հյուսիսարևելյան, Իրանի հյուսիսարևմտյան ու Փոքր Ասիայի արևմտյան տարածաշրջանների գորգագործական կենտրոններում: 



Գրականություն․ 

-Աշխունջ Պողոսյան, Ջրաբերդ խմբի գորգերի ծագումնաբանական հարցերի շուրջ։ 

-Վահրամ Թաթիկյան, Արցախի տոհմագորգերը 

-Աշխունջ Պողոսյան, «Արցախի գորգագործական մշակույթը»

 

Խնձորեսկ գորգ

01/06/2024

 

«Խնձորեսկ» տեսակի գորգերը բնորոշվում են քառակուսի զարդի մեջ ամփոփված արևի ու հավերժության որևէ խորհրդանշանից և այն բոլորող վիշապի ութ ոճավորումներից կազմված հորինվածքով: Հորինվածքի բաղկացուցիչ մաս են նաև զարդի անկյուններից սկզբնավորված նախշերը: Զարդի ուղղաձիգ առանցքի ուղղությամբ լինում է մեկական «Կենաց ծառ»: Ներկայացվում է բազմանիստ վանդակում կամ առանց դրա, պատկերվում մեկ կամ երկու շարքով: Կան նաև մեկ հորինվածքով գեղազարդվածներ: «Խնձորեսկ» տերմինը միջազգայնացված և ընդունված է ուսումնասիրողների գերակշիռ մասի կողմից: Հաշվի առնելով այդ հանգամանքը, որ Խնձորեսկ գյուղը գորգագործության, և մասնավորապես, գորգերի այս տիպի ավանդական կենտրոն լինելու փաստը: Հիմնականում բնորոշ է Արցախի, Սյունիքի, Գուգարքի գորգագործական կենտրոններին։ 

 

Սյունիքի տարբերակներում կենտրոնական մոտիվը կեռխաչը գոյանում է օձի և թռչունների խաչաձևումից, իսկ դրա շուրջ գալարված վիշապները բազմագույն են, և յուրաքանչյուր գույն խորհրդանշում է տվյալ վիշապի բնույթը: Խնձորեսկների վահանների կենտրոնում կրիա խորհրդանշող զարդանախշեր են, որոնց վրա էլ պատկերված են կեռխաչեր: Այս տիպի գորգերի մասին Ղարաբաղում պատմվում է, թե դրանք պատկերում են մի սյուժե ըստ որի « ... վիշապն աղջկան փախցրել է տղան ման է գալիս, որ գտնի»: «Գտնել» բառը ցույց է տալիս, որ աղջիկը քողարկված է ինչ-որ զարդանախշի մեջ, որը հենց կրիան կարող է լինել, իսկ դա հեթանոսական շրջանում Աստղիկ դիցուհու խորհրդանշանն էր: Ինչ վերաբերում է «տղային», նա կա′մ կեռ խաչով խորհրդանշված Արեգակի աստված Միհրն է, կա′մ զարդանկարի հիմնական մասը կազմող Վահագն վիշապաքաղը: 

 

Սյունիքի առավել մեկուսի բնակավայրերում գործվել է Խնձորեսկի մի շատ հնատիպար տարբերակ, որի հորինվածքում կենտրոնական վիշապաձևերն ավարտվում են քարայծերի պոզեր հիշեցնող մի տարրով: Ինչպես երկու տարրերի թռչունի և օձի խաչաձևմամբ կազմված կեռխաչը, այնպես էլ այս զարդանախշը բարդվել է երկու տարբեր կենդանանախշերից՝ վիշապից ու այծից: 

 

 «Խնձորեսկներ» գործվել են Սյունիքի բոլոր բնակավայրերում, Արցախում, Գուգարքում: Այս տիպի գործման ընդհանուր տարածքից կտրված մեկուսի օջախներ կան նաև Տավուշում (Չորաթան, Նավուր, Պռավաքար, Սևքար, Խաշթառակ, Գանձաքար) , Լոռիում (Դովեղ, Ջուջևան, Ճոճկան, Վարդաբլուր)  և անգամ՝ Այրարատում (Քանաքեռ, Հին Կոնդ, Գառնի, Օշական): Առանձնացված օջախներում հանդիպում են «Խնձորեսկի» Սյունիքում, Արցախում տարածված տարբերակներից բավական հեռացած նմուշներ: Սա ցույց է տալիս, որ այս տիպի տարածումը սկսվել է շատ վաղուց, գորգագործական արհեստի յուրացման և համընդհանուր ժողովրդականացման ժամանակաշրջանում: «Խնձորեսկն» իրավամբ պետք է համարել ցեղատոհմային ծագում ունեցող վահանավոր վաղագույն հորինվածքներից մեկը իր վառ արտահայտված տոտեմական-կոսմոգոնիկ պատկերացումների հետ կապված զարդանախշերով: 

 

 

Աղբյուրը՝ 

Ավանեսիան Լ., Հայկական գորգերի զարդաձևերի խորհրդաիմաստը (ատենախոսություն), Երևան, 2014թ.:

Թաթիկյան Վ., Արցախի տոհմագորգերը, Երևան, Լուսաբաց, 2004թ. :

Քյուրտեան Յ., Վիշապը հայկական գորգերուն մեջ, Բազմավեպ, 1931թ.:

Լոռի Փամբակ գորգ

01/06/2024

Փամբակը գյուղ է, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում՝ Փամբակ գետի ձախ հովտում։ Այս գորգատեսակն իր անունը ստացել է հենց համանուն գյուղից, որտեղ ամենաշատն են հանդիպում այս հորինվածքով գորգերը։ 

 

Անտիկ գորգերի շուկայում Լոռի Փամբակ տեսակի գորգեր հանդիպում են՝ սկսած 19-րդ դարի սկզբից։ Հենքի համար օգտագործվել է բուրդ կամ այծի մազի և բրդի խառնուրդ։ Միջնաթելի համար կարմիր ներկված բուրդ է օգտագործվել, երբեմն նաև բամբակ, կամ, ինչպես հենքի դեպքում՝ բրդի և այծի մազի խառնուրդ։ Խավը բրդյա է և բարձր։ 

 

Այս գորգերը բնորոշվում են խաչաձև հորինվածքով։ Դրա հորիզոնական թևերը ավարտվում են կոկոնաձև նախշով։ Ուղղաձիգները՝ դիմահայաց դիրքով պատկերված կենդանակերպ երկուական ոճավորումով են ու դրանց միջնամասում էլ լինում է եռանկյունաձև ելուստ։ Հորինվածքի կենտրոնում սովորաբար լինում է զարդ, որը կրկնվում է նաև ուղղաձիգ թևերի կենտրոնում։ Այս ամբողջությունը ունենում է միևնույն հիմնագույն, լինում է բազմանիստ շրջանակում, կամ առանց դրան։ 

 

Լոռի Փամբակի հիմնադաշտի հիմնական գույներն են մուգ կարմիրն ու կապույտը։ Գորգերին յուրահատուկ է նաև կանաչավում դեղինը, որն օգտագործվում է մեդալյոնի, եզրագոտիների և որոշ այլ էլենմենտների դիզայնում։ Բացի այս երանգներից՝ գորգի զարդանախշերում և եզրագոտիներում առկա են նաև փղոսկրի և շագանակագույնի երանգներ։ 

 

Անտիկ գորգերի շուկայում գորգերը հայտնի են իրենց հարուստ գունապնակով, բաց ոճով և պարզ դիզայնով։ Լինում են գործված ինչպես փոքր չափի, այնպես էլ մինչև 3 մետրանոց գորգեր։ 

 

Այս տեսակի գորգերը բնորոշ են Գուգարքի, Արցախի, Սյունիքի, ինչպես նաև Վանանդի ու Ջավախքի գորգագործական կենտրոններին։ Բայց առավելապես բնորոշ է Լոռուն ու հատկապես Փամբակին։

 

Աղբյուր՝ 

Abraham Levi Moheban;The Encyclopedia of Antique Carpets, Twenty Five Centuries of Weaving, 

Մեմլինգ գորգ

01/06/2024

«Մեմլինգ» գորգատեսակի գլխավոր հարդարանք հանդիսացող մեդալյոնը ամենահայտնի մոտիվներից մեկն է, որը հանդիպում է գորգերի և գործվածքի մեջ։ Վալտեր Դենին այն նկարագրում է որպես «...համենայնի այն ամենատարածված դասական Անատոլիական գորգի մոտիվն է, որը գոյատևել է Անատոլիական գործվածքում...»։

 

Ընդունված է համարել, որ Մեմլինգի գլխավոր զարդանախշն իր մեջ կրում է արևի խորհուրդը: Գորգի հորինվածքում արևի գաղափարանշանի բազմակի կրկնությունը, ինչպես նաև եզրագոտիների ոճավորված բուսանախշերը կյանքի հարատևության իմաստն են կրում:  

 

«Մեմլինգ» ածականը վերաբերում է Հանս Մեմլինգին (1430-1494), և եկել է XV դարի գերմանական ծագումով նիդերլանդացի նկարչից, ով երբեմն օգտագործել է այս տեսակի գորգեր իր կտավներում։ Այս տեսակի զարդամոտիվ կարելի է հանդիպել Անատոլիական, Կովկասյան, Շահսավան և Կենտրոնական Ասիայի գորգերում։ Կենտրոնական Ասիայի գորգերում ունի տեղական անուններ, իսկ Կովկասյան գորգերում այն կոչվում է Մըխանք, ինչը սերում է Արցախի պատմական Մոխանք գավառի անվանումից, որը Հայոց Մըխանց նախարարական տոհմի տիրույթն էր:

 

Մեմլինգ գորգատեսակի մինչ օրս պահպանված թերևս ամենավաղ մեդալյոնի օրինակը գործվել է 15-րդ դարում,որը դիզայնով համընկնում է նույն ժամակաշրջանում՝ Հանց Մեմլինգի կողմից իր կտավներում պատկերած գորգանախշերին:

 

Մեմլինգ գորգի մեկ այլ հրաշալի նմուշ կարելի է հանդիպել Կոնյայի թանգարանում։ Այս գորգը հանդիսանում է բրդյա մեմլինգների հազվագյուտ վաղ օրինակներից մեկը, որը պահպանվել է մինչ մեր օրերը։ Մասնագետները համարում են, որ այն գործվել է 16-րդ դարում Չանաքկալեի շրջանում։ 

 

Եթե ներառենք նաև Կոնյայի թանգարանում պահվող նմանատիպ զարդանախշով փոքրիկ պատառիկի օրինակը, ապա կարելի է հաշվել Մեմլինգ զարդանախշի 6 տարբերակներ։

 

Ամենատարածված օրինակներից մեկում հարդիպում ենք կարմրաշագանակագույն աստիճանաձև շեղանկյունի ներսում պատկերված բազմագույն ութաթև աստղի, որի կենտրոնում ադամանդաձև նախշ է։ Այս նախշն էլ ներսից զարդարված է կարմիր կետագույներով։ Հատկանշական է այն փաստը, որ եթե նույնիսկ այս աստղի թևերը կազմող եռանկյունները տարբեր գույների են, դրանք չեն շեղում ընդհանուր ուշադրությունն աստղից, որի մասն են կազմում։ Կենտրոնական այս ձևավորումը պարզ է և ընդարձակ։

 

Մեկ այլ տարածված Մեմլինգ մեդալյոնի գլխավոր զարդանախշի կենտրոնում չորս սպիտակ, կրկնակի խոյի եղջյուրներ են, որոնք ստորին հատվածում միանում են իրար՝ կազմելով խաչաձև մոտիվ։ Այս մոտիվը զարդարված է մուգ եզրագծով, որը վերևում, ներքևում, երկու կողմից և կենտրոնում ծածկված է մանր ադամանդներով, որոնցից յուրաքանչյուրի կենտրոնում տարբեր գույնի մի կետ է։

 

Կարևոր է նշել, որ Կոնիայում հյուսված Մեմլինգ գորգատեսակների համար, որպես հիմնադաշտի գույն առավելապես օգտագործվել է դեղինը ի հակառակ հայկական Մեմլինգի, որտեղ հիմնադաշտում գերիշխում են կարմիրը և կապույտը։ 

Ընդհանուր առմամբ Մեմլինգն ունեցել է համահայկական տարածում, սակայն առավել շատ նմուշներ հյուսվել են Արևմտյան Հայաստանում։ 

 

 

Աղբյուրը՝ Հայկական գորգարվեստ, XVII-XX դարեր, Հայաստանի պատմության թանգարան։

Ռ. Ջոն Հոու, «Մեմլինգ» զարդանախշ, նմուշներ, որոնք ներկայացվել են TM Show and Tell համաժողովում, 2010։

 

Պազիրիկ գորգ

01/06/2024

 Պազիրիկը մինչ օրս հայտնի հնագույն գորգն է, որը 1949 թվականին հայտնաբերել է հնագետ Ռուդենկոն Ալթայում՝ Պազիրիկի 5-րդ կուրգանում, այստեղից էլ գալիս է գորգի անունը: Գորգն այժմ պահվում է Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ թանգարանում:

Գորգը ծագում է Ք.ա. 5-4-րդ դարերից, նրա չափսերն են՝ 183´198 սմ, գործված է 3600 հանգույց/դմ² խտությամբ: Գորգն ամբողջությամբ հյուսված է բրդից: Գորգը շուրջ 2500 տարի մնացել է սառած դամբարանում (կա վարկած, որ դամբարանը կողոպտվել է, որից հետո ջուր է լցվել ու սառցակալել) ու այդպիսով զերծ լինելով արտաքին որևէ ազդեցությունից՝ գործնականում անխաթար պահպանվել է մինչ մեր ժամանակները: Բացի այդ, այն աչքի է ընկնում գեղազարդման հարուստ համակարգով։  Այս հնագույն գորգում տեսնում ենք ոչ թե քոչվորական մորթու ինչ-որ երկարախավ փոխարինիչ, այլ հմուտ արհեստանոցում պատրաստած բազմամշակույթ, նրբանախշ, կարճախավ գործվածք, ինչը հիացմունքի է արժանի նույնիսկ գորգաործության մերօրյա հարուստ մշակույթի ժամանակների համար։ 

Գորգի ստեղծումը և որևէ ազգի պատկանելությունը մինչ օրս հստակ չէ և առաջ է քաշում բազմաթիվ տարակարծություններ: 

Պեղումների ղեկավար Ս. Ի. Ռուդենկոն, համեմատելով այդ նմուշի և հարևան Բաշադարի կուրգանից հայտնաբերված գորգերի ու թաղիքների գեղազարդման տարրերը, ինչպես նաև նկատի ունենալով դրա գունա-հորինվածքային ներդաշնակ լուծումներն, արդեն այն ժամանակ հանգել էր Պազիրիկյան գորգի առաջավորասիական ծագում ունենալու տեսակետին։

Որոշ գիտնականներ գորգին վերագրում են աքեմենյան պարսկական, թուրք-օղուզական, չին-մոնղոլական ծագում։ Մի շարք ուսումնասիրողներ էլ, մասնավորապես Ուլրիխ Շուրմանը, Ֆոլկմար Գանցհոռնը և այլք, գտնում են, որ այդ գորգը գործել են Վանի թագավորությունում և որ այն վերաբերում է հայոց մշակույթին:

Հակիրճ եթե նկարագրենք Պազիրիկ գորգի կառուցվածքը, ապա կարող ենք ասել, որ այն կազմված է կենտրոնական հիմադաշտից, որտեղ 24 նմանատիպ մեդալյոններ են տեղադրված։ Հիմնադաշտը շրջափակված է 5 տարբեր լայնության եզրագոտիներով։ Առաջին փոքր ներքին եզրագոտին բաղկացած է փոքր քառակուսիներից, որոնցում դեղին ֆոնի վրա հայտնվում են արծվանման գիրֆոնները։  Երկրորդ ներքին գոտում, բաց կապույտ ֆոնի վրա ներկայացված է այծյամների շարք, որոնց Շուրմանն համարում է կետավոր եղջերուների արու տեսակը։ Երրորդ եզրագոտում պատկերված են տերևների և ծաղիկների հյուսվածքներ։ Չորրորդ գոտին ամենալայնն է, այստեղ ներկայացված են հեծյալներ, ինչպես նաև հատակին կանգնած և ձիու սանձը բռնած զինվորներ։Վերջին եզրագոտին կրկնում է առաջինը, սակայն գիֆրոններն այլ ուղղությամբ են նայում։

Շուրմանը կարծում է, որ գորգը ստեղծվել է Սակիսում՝ Ուրմիա լճից հարավ ընկած, Ուրարտու երկրում գտնվող այն ժամանակվա սկյութական մայրաքաղաքում։ Սակիսում ստեղծվելը հիմնավորում է նրանով, որ քաղաքը գտնվել է Նինվեից մի փոքր արևելք, այդ պատճառով էլ Նինվեի պալատների քարե գորգերը մեծ նմանություն ունեն Պազիրիկ գորգի հիմնադաշտի մեդալյոններին։  Այսպիսով, Սակիչը կարող էր լինել Ալթայի լեռների գերեզմանատանը թաղված թագավորի բնակավայրը։ Նա հաստատապես կրթված և վառ անձնավորություն է եղել, ով հնարավոր է՝ պատվիրել էր գորգը իր մահվանից տարիներ առաջ, և հայերը, որոնց ազդեցությունն այդ ժամանակ Կովկասի հարավային լանջերից հասնում էր մինչև Ասորեստանի հյուսիս, մատակարարել են բուրդը, տվել են գորգի գեղարվեստական կոնցեպցիան և հիասքանչ կատարումը։

Ուսումնասիրելով գորգի սիմվոլիկան՝ Շուրմանը հանգում է այն գաղափարին, որ սա տարիներ առաջ պատվիրված մահագորգ է։ Հիմնվելով Հերոդոտոսի նկարագրության վրա՝ հնագետը կարծում է, որ Պազիրիկ գորգը, ամենայն հավանականությամբ, որպես պաշտպանիչ իր, փռված է եղել մահացած թագավորի և թագուհու (ով, ըստ ավանդույթի, պետք է մահանար թագավորի հետ) մարմինների տակ։ Նաև, ըստ սկյութների հավատալիքների, քարայծը և գրիֆոնը կյանքից մահվան անցման խորհրդանիշներն են։ Այդ պատճառով էլ նշված քարայծերի մեկ հիմնական շարքը և գրիֆոնների երկու ուղեկցող եզրագոտիները, գորգը գործողի կողմից մատնանշումն է այն փաստի, որ գորգը գործվել է որպես թաղման ատրիբուտ։ Շուրմանը նաև սիմվոլիկայի մեջ մեծ շեշտ է դնում վերին ձախ անկյունում գտնվող չկրկնող երկու վարդյակներին, որոնք նա համարում է անիվներ ու կրկին դիմում է Հերոդոտոսին, ում պատմվածքում նշված է, որ թաղման արարողության ժամանակ հատուկ կառքեր են պատրաստվել 50 ստրուկների և 50 ձիերի տիկերով, որոնք ուղեկցել են թագավորին։ 

Ֆոլկմար Գանցհոռնը, որոշ չափով համաձայն լինելով Շուրմանի հետ, այնուամենայնիվ բացառում է, որ գորգում պատկերված փիավորները սկյութներ են։ Oգնության դիմելով Պերսեպոլիսի բարձրաքանդակներում պատկերված հայկական պատգամախմբին՝ Գոլցմանը կարծում է, որ հենց նրանք են համապատասխանում գորգում պատկերված ձիավարներին ինչպես տղամարդկանց գլխածածկույթով, այնպես էլ ձիերի մեծությամբ:

Գանցհոռնը հարցի տակ է դնում նաև Պազիրիկի մահագորգ լինելը։ Գորգում պատկերված թափորը կարող է լինել նաև մեծարման թափոր, իսկ Շուրմանի կողմից անիվներ անվանված վարդակները կարող էին նշանակել հավատարմություն մինչ ի մահ: Բայց դրանք կարող էին և արևի խորհրդանշաններ լինել՝ հեծյալ թափորի սկզբում, և ծիսական սեղաններ՝ լույսի խորհրդանշանների միջև: Հնարավոր է, որ դա եղել է գահաթոռի գորգ, որը մեռածի հետ դրվել է գերեզման:

Այնուամենայնիվ, Գանցհոռնը ևս, ինչպես և Շուրմանը, կարծում է, որ գորգը հայկական է և հայերի կողմից գործված։ Այստեղ պարզապես նա կարծում է, որ փռյուգիական հայերն են եղել ստեղծողները և որ Պազիրիկի կուրգանը ևս ոչ թե սկյութական է, այլ փռյուգիա-հայկական։ Հեղինակը նաև շեշտում է այն փաստը, որ գորգը հյուսված է կրկնակի հանգույցով, որն էլ բնորոշ է հայկական գորգագործությանը։



Ulrich Schurmann, «The Pazyryk. Its Use and Origine».

Ֆոլքմար Գոնցհորն, «Քրիստոնեա-արևելյան գորգը»

Աշխունջ Պողոսյան, «Պազիրիկ գորգի ծագումնաբանության մասին»

Փյունիկ գորգ

01/06/2024

Գորգն իր պայմանական անունը ստացել է ըստ կենտրոնական կենդանակերպ զարդանախշի։ Գորգը հայտնաբերվել է 1890 թվականին կենտրոնական Իտալիայի եկեղեցիներից մեկում։ Այս եզակի նմուշը թվագրվում է 15-16-րդ  դարերով։ Պահպանված գորգի չափսերն են 164 × 91 սմ, այն պահվում ու ցուցադրվում է Բեռլինի իսլամական արվեստի թանգարանում։

 

Գորգի նմանօրինակ զարդախշով նմուշներ կարելի է հանդիպել եվրոպական վերածննդի ժամանակաշրջանի եկեղեցական կտավներում, ինչպես նաև նույնատիպ գորգ ենք հանդիպում Սիենայում ՝ Դոմինիկո դի Բարտոլոյի կողմից 1440 թվականին արված որմ­նանկարում։ Այս հանգամանքը մասնագետներին թույլ է տալիս ենթադրել, որ չնայած նմաօրինակ կենդանակերպ գորգերի սակավ պահպանվածությանը այն տարածված գորգատեսակ է եղել և սա բնավ էլ միակ օրինակը չէ։

 

Գորգն առանձնանում է իր հնատիպ կենդանական զարդանախշով, որտեղ, ըստ մի շարք մասնագետների, պատկերված է առասպելական վիշապի եւ փյունիկի պայքարը (երկինք և երկիր)։ 

 

Տիգրան Կույումջյանը՝ Կալիֆորնիայի Պետական Համալսարանի (Ֆրեզնո) և Փարիզի Հայագիտական ամբիոնի վաստակավոր պրոֆեսոր, գորգի վերաբերյալ այլ տեսակետ ունի։ Քանի որ գորգը չունի որևէ արձանագրություն և ճշգրիտ թվագրություն, Կույումջյանը դիմում է ոճաբանական վերլուծությանը և խորհրդանիշների համեմատությանը։ Այդպիսով, նա վերադառնում է չինական վաղագույն դինաստիաների ժամանակների արվեստին, որտեղ հանդիպում են վիշապն ու փյունիկը։ Չինաստանում այս երկու արարածները համարվում էին բարեգութ։ Ժամանակի ընթացքում վիշապը դարձել է կայսրի, իսկ փյունիկը՝ կայսրուհու խորհրդանիշ։ Մինչ Մին դինաստիան (1368–1644 թթ.), տասնհինգերորդ և տասնվեցերորդ դարերում, չինացիները չէին համարում նրանց հակամարտող կերպարներ։ Ավելին, բացառությամբ միայն վերջերս հրապարակված բրոնզե առարկայի, մինչև տասնչորսերորդ դարը չկան օրինակներ, որտեղ երկու կենդանիները պատկերված լինեն միասին նույն առարկայի վրա՝ չինական, մոնղոլական կամ իսլամական արվեստում։

 

Վիշապի և փյունիկի համատեղ ամենավաղ պատկերը ներկայացված է 1286 թ. թվագրված Հեթում Բ-ի հայտնի Հայկական Ճաշոցում  (ճաշի ժամերին՝ մինչև երեկոյան ժամերգությունը, եկեղեցում ընթերցվելիք նյութերի արարողական ժողովածու) Պայծառակերպության տոնին նվիրված գլխազարդի մեջ։ Վիշապն ու փյունիկը, ինչպես նաև այլ չինական դիցաբանական արարածներ, երկու անգամ հանդիպում են Ճաշոցում։ Թագաժառանգ Հեթումը հարգանքի տուրք էր մատուցում իր հորն ու մորը։ Վիշապն ու փյունիկը միասին խորհրդանշում են թագավորն ու թագուհին, ովքեր կառավարում էին խաղաղ Կիլիկյան Հայաստանում, ինչպես պատկերված է 1262 և 1272 թթ. Ավետարանների մանրանկարչական դիմանկարներում։ Բացի այդ, այս կենդանիներն ու դրանց խորհրդանշական մեկնաբանությունը հստակ և կատարյալ կերպով հասկացված էին արքունի արվեստագետների շրջանում, ինչն ապացուցվում է այնպիսի մանրամասներով, ինչպիսին է վիշապների ճանկերի քանակը, քանի որ դրանք տարբեր քանակի ճանկեր պետք է ունենային՝ կախված արքունիքի տարբեր անդամներին պատկանելությունից։

Կույումջյանը համոզված է, որ հայկական արքունիքը ձեռք է բերել չինական առարկաներ, ըստ այդմ նաև չինական դիցաբանության մասին գիտելիքները, նվերների փոխանակման միջոցով, որը կատարվում էր հայկական ազնվականության և Կարաքորումի Մեծ խանի միջև, ինչպես նաև Մետաքսի ճանապարհով, որն անցնում էր Մեծ Հայքի և Կիլիկիայի տարածքով։

Որպես եզրակացություն կարելի է ասել, որ գորգագործության որևէ այլ ավանդույթ, բացի հայկականից, չի կարող հավակնել Փյունիկ գորգի ստեղծողը լինելուն հետևյալի պատճառով․

  1. գորգագործության պրակտիկայի երկար և լավ փաստագրված պատմություն,
  2. չինական այս կենդանիների համատեղ ամենավաղ (իրականում եզակի) օրինակը նույն առարկայի վրա,
  3. վիշապի և փյունիկի՝ չինացիների և մոնղոլների համար ունեցած նշանակության հասկացության ապացուցելի ըմբռնում։

 

Աղբյուրը՝ 

Տիգրան Կույումջյան, Բեռլինի վիշապ-փյունիկ գորգը և նրա հավանական հայկական ծագումը

Ֆոլկմար Գանցհորն, Քրիստոնեա-արևելյան գորգը

Սևան գորգ

01/06/2024

Գորգն իր անունը ստացել է հնագետ Ուլրիխ Շուրմանի կողմից: Գոյություն ունի երկու վարկած․ Շուրմանը հիմնադաշտի մեծ զարդանախշը նմանեցրել է ջրային տարածքի՝ Սևանա լճին կամ Սևանի տարածքում գորգի տարածված լինելն է հիմք հանդիսացել անվանման ընտրության հարցում։ Այս գորգատեսակի վաղագույն օրինակները թվագրվում են 19-րդ դարով: Գորգի մասնագետների շրջանում այս տեսակը հայտնի է նաև «Վահան» անունով։ 

Սևան տեսակի գորգերի դիզայնը երկրաչափական է: Դրանց բնորոշ է կենտրոնական մեծ վահանաձև նախշը, որը ծածկում է հիմնադաշտի մեծ մասը: Մեծ եզրագոտում կարելի է հանդիպել ոճավորված ծաղկի գլխիկներ, թփեր, անկյունային տերևներ և այլ մանր մոտիվներ, որոնք բնորոշ են հայ գորգերին: Նեղ եզրագոտիներում հանդիպում են եռաթև և զիգզագաձև նախշեր, որոնք ևս լայնորեն օգտագործվել են հայկական գորգարվեստում: 19-րդ դարով թվագրվող Սևան տեսակի գորգերում հաճախ առկա են հայատառ արձանագրություններ և հայկական օրացույցով ամսաթվեր:

Այս տեսակի գորգերում գերիշխում են մուգ կարմիրը, կապույտը, կանաչը կամ փղոսկրագույնը: Այս գույները օգտագործվել են թե՛ եզրագոտիներում և թե՛ կենտրոնական դաշտի համար: Դիզայնի տարբեր տարրերում առկա են նաև մուգ կապույտի, շագանակագույնի,դարչնագույնի և ոսկեգույնի տարբեր երանգներ։ 

Հենքի համար օգտագործվել է բուրդ կամ այծի մազի և բրդի խառնուրդ։ Միջնաթելի համար կարմիր ներկված բուրդ է օգտագործվել, երբեմն նաև բամբակ, կամ, ինչպես հենքի դեպքում՝ բրդի և այծի մազի խառնուրդ։ Խավի համար օգտագործվել է ոչխարի բաձրակարգ մշակված բուրդ, խավը բարձր է ու փափուկ: Լինում են գործված ինչպես փոքր չափի, այնպես էլ մինչև 2.5 մետրանոց գորգեր։ 

 

Այսօր Սևան տեսակի գորգերը ողջ աշխարհում հայտնի են իրենց գեղարվեստական դիզայնով և վառ ու աչքի ընկնող բնական գույներով։ Դրանք գործվածքի արժեքավոր  նմուշներ են և մեծ պահանջարկ ունեն հին գորգերի շուկայում:

 

Աղբյուր՝ 

Abraham Levi Moheban;The Encyclopedia of Antique Carpets, Twenty Five Centuries of Weaving, 

Օձագորգ

01/06/2024

Սումախ կարպետի տեխնիկայով հյուսված անխավ գորգերից թերևս ամենահայտնի տեսակը օձակարպետն է, որը հարավային Արցախի գյուղերում պարզ ու արտահայտիչ կոչվում են «թելթող»: Գյուղացիների կողմից տրված այս անվանումը գալիս է գործվածքի հակառակ կողմից երկար թողնված թելերի պատճառով: Կարպետը հարդարող S-անման վիշապը ոչ միայն «Աժդահակ» գորգատեսակի զարգացման հաջորդ փուլն է, այլ դասական վիշապագորգերում հանդիպող ավելի բարդ վիշապների նախատիպը: Միջազգային շուկայում այս տեսակը հայտնի է զիլե անունով:

 

Գորգադաշտն ամբողջությամբ հարդարված է լինում  շարք-շարք դասավորված երկգույն S-աձև օձանախշերով:  Վիշապների գալարների մեջ զոհաբերված խոյերի գլուխներ են և վիշապներին հակադրված երկգլխանի, թևատարած արծիվներ, որոնք հայկական արվեստում հնագույն մարտանշաններ են: Վիշապների վրա գույնզգույն օձիկները իրենց մեջ կրում են ջրի և պտղաբերության գաղափարը: Ամբողջացնելով  հարդարանքի ընդհանուր իմաստաբանությունը, կարելի է ասել, որ կարպետում պատկերված է երկրային և երկնային հակադիր ուժերի պայքարը: Հատկանշական է, որ կարպետում մատնանշվում է վիշապների հանդեպ մարդկանց երկակի վերաբերմունքը: Մի կողմից ներկայացված է երկրի հսկա ջրային աղբյուրների խորքերում ապրող վիշապների և նրանց բարեգթության համար զոհաբերվող խոյերին: Մյուս կողմից, պատկերվում են արծիվներ, որպեսզի անհրաժեշտության դեպքում հաղթահարեն վիշապներին: 

 

Սիսիանի գորգագործական օջախներում այս տիպի կարպետները ուղեկցել են «Զույգվիշապ» կոչվող գորգերին, որոնք համանման խորհրդանիշերով տալիս են նեւյն գաղափարը: Նման կարպետ հյուսելու համար որպես հենքաթել Նախիջևանի Շարուր դաշտավայրից ձեռք էր բերվում Ժամանակի համար թանկարժեք բամբակաթել, որը հատկապես խիտ ու ծանր էր դարձնում գործվածքը: 

 

Անխավ գորգի այս տեսակի վաղագույն օրինակները թվագրվում են 18-րդ դարով: Դրանք բավակնին նեղ չափերի են, և հարդարված են լինում իրար կողք-կողքի դասավորված զույգ վիշապներով: Սրանք հիմնականում օգտագործվել են հատակին փռելու համար կամ կենցաղում այլ գործածություն է ունեցել: 

 

Հայաստանի պատմության պետական թանգարանն ունի «թելթողերի» աշխարհում հայտնի ամենամեծ հավաքածուն:

Կարպետը բնորոշ է Արցախի, Սյունիքի, Շիրվանի և Նախիջևանի  գորգագործական կենտրոններին:

 

Աղբյուրը՝ Հայկական գորգարվեստ, XVII-XX դարեր, Հայաստանի պատմության թանգարան։

Robert H. Nooter “Flat woven Rugs and textiles from the Caucasus”

Abraham Levi Moheban “The encyclopedia of antique carpets”

Աստղ-Հավք

01/06/2024

Գորգատեսակն իր անունը ստացել է ըստ հարդարանքում առկա զարդանախշերի:

Գորգն ունի համաչափ դասավորությամբ հարդարանք, որի հիմնական մոտիվը ութաթև աստղն ու դրա կենտրոնում տեղադրված ծաղկած խաչն են: Վերջինս էլ խորհրդանշում է արական և իգական սկզբների միաձուլումը, սերնդագործման գաղափարը:

 

Տարբերակներից մեծ մասի համար բնորոշ են վահանները երկու կողմից շրջապատող հրեղեն հավքերը, թևավոր նժույգները կամ այլ առասպելական կենդանիներ, որով վահանը կապվում է նաև արեգակի, երկնքի կերպավորման հետ: Գորգատեսակի ամբողջ դաշտը հարդարվում է ծաղկային և փոքրիկ կենդանական մոտիվներով: 

 

Թյուրիմացորեն «Աստղհավք» տիպի գորգերը գրականության մեջ անվանում են «Աղստաֆա», թեև ըստ գորգի արևմտյան խոշոր գիտակ Յան Բենետի դիտողության, նշվաշ բնակավայրում դրանք երբեք չեն հյուսվել: Տարածքի որոշ գյուղերում այս հորինվածքին տրվող «Աստղհավք» անունըցույց է տալիս, որ տեղի է ունեցել պատահական կամ միտումնավոր նմանեցում հնչողությամբ մոտ «Աղստաֆա» տեղանունի հետ: 

Մինչ օրս մասնագետների շրջանակում վիճելի է գորգատեսակի Աղստաֆայի տարածքային պատկանելությունը: Գորգի վաղագույն օրինակները գործվածքային առումով մոտ են Շիրվանի տարածքի գորգերին, ինչից ոմանք հակված են կարծել, որ «Աստղհավք» տեսակի գորգերրը հյուսվել են Ղուբայի և Շիրվանի տարածաշրջանում: 

 

«Աստղհավք» տեսակի գորգերը բարձր են գնահատվում գորգերի միջազգային շուկայում՝ գեղարվեստական և եզակի հարդարանքի շնոհիվ: Նման օրինակ գորգերի համար իբրև հիմնադաշտի գույն ծառայել է հիմնականում կապույտը, որորշ դեպքերում հանդիպում է նաև կարմիրը: 

Գորգի, որպես առանձին տեսակի օրինակներ հանդիպում ենք 19-րդ դարից սկսած: Հնագույն օրինակների հենքը հատուկ տեսակի բրդյա մանվածք է ունեցել, իսկ քիչ դեպքերում հանդիպում է նաև այծի մազի և բրդի խարնուրդով մանվածք:

 Գորգը բնորոշ է Ուտիքի, Սյունիքի, Վայոց ձորի և Դիզակի տարածաշրջանին:



Աղբյուրը՝

Աբրահամ Լևի Մոհեբան, Անտիկ գորգերի հանրագիտարան․ գործվածքի 25 դար,

Հայկական գորգարվեստ, XVII-XX դարեր, Հայաստանի պատմության թանգարան։

Եռախորան գորգ

01/06/2024

Եռախորանը (կամ ինչպես մի շարք գիտնականներ են անվանում՝ Գորզին) թերևս հայկական արձանագիր պահպանված ամենահին գորգն է։ Այն պատկանում է Խորանավոր գորգերի խմբին։ 

 

Այս տիպին պատկանող գորգերը բնորոշվում են մեկ և ավելի խորաններով, որոնք իրարից սահմանազատված են լինում սյուներով, սովորաբար լրացվում են բուսածաղկային տարրերով ու խորանի գագաթից կախված ջահով: Ընդհանրապես, այս խմբին պատկանող գորգերը առնչվում են եկեղեցու և կրոնական ծիսակարգի հետ ու հիմնականում գործածվել են որպես աղոթքի գորգեր։ 

 

Գորգի գեղազարդման համակարգի հիմքում ընկած է դաշտը կամարազարդ խորաններով զարդանախշելու սկզբունքը: Խորաններն իրարից բացազատված են սյուներով: Գորգադաշտի ազատ մնացած վերին ծայրը գեղազարդված է ոճավորված կենդանակերպ զարդանախշերով և բուսանախշերով: Գորգը երիզված է ծաղկաշղթայով գեղազարդված մեկ լայն և ականթատերևներով ծածկված երկու նեղ գոտիներով:

 

Եռախորանը ցավոք այս պահին անհետ կորած է, իսկ մինչ այդ պահվել է Վիեննայում՝ մասնավոր հավաքածուում։ 1895թ․ գորգի մասին առաջին անգամ հրատարակել է գերմանացի արևելագետ Ալոիզ Ռիգլը, ով հիմնվել է արձանագրության՝ Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ, հայագետ Հայր Գրիգորիս Գալեմքարյանի մեկնման վրա և համարել, որ գորգը գործվել է 1202 թվականին Բանանցում։ Գորգի արձանագրության մեկնումը Գալեմքարյանի կողմից հետևյալն է․ «Դ/րան Արկանելի Կիրակոսի բանասէրի ետ/?/ ա յիշատակ Հռիփսիմէի տ/ան/ն ՈԾԱ. թվին զսա Գ. /կամ Պ./ որժիս ա/րա/եստա»։ 

 

Արձանագրության տարատեսակ ընթերցումներ կան, որոնք իրարից ինչ-որ չափով տարբերվելով հանդերձ, ամեն դեպքում ընդունում են գորգի՝ Բանանցում ստեղծված լինելու փաստը։ Մեկնաբանություններից են․ Մանյա Ղազարյան՝ «Արկանելի/ս/ Կիրակոսի Բանանցեցաց ի յիշատակ Հռիփսիմէ տի/կի/ն ՌԾԱ. թաին զսա գործի սա եմ», Վարդան Թեմուրճյան՝ «Արկանելիս Կիրակոսի բանանցեցաց ի յիշատակ Հռօփսիմէի տն ՈԾԱ. թվին զսա գործիցա ես» և այլն։ 

 

Կան, սակայն գիտնականներ, ովքեր կարծում են, որ գորգագործը պարզապես մոռացել է “Ո” տառի մասնիկը և իրականում տարեթիվը պետք է լիներ ՌԾԱ և ոչ թե ՈԾԱ, հետևաբար գորգի ստեղծումը վերագրում են 1602 թվականին։ Այդ գիտնականներից մեկն էլ Ֆոլքմար Գանցհորնն է, ով նաև այլ կերպ է ընթերցել արձանագրությունը, ինչի հիման վրա էլ գորգն անվանել է “Գորզի”՝ ըստ իր ընթերցմամբ՝ գործողի անունով։ Գանցհորնի մեկնումը հետևյալն է․ «ՍԲ Հռիփսիմէի տաճարի Սրբաթիւն սրբոցի դռան վարագոյր Տիրոջ 1051 ա փ (Ք. հ. 1602 թ.) կամ 1651: Սա ես Գորզի վարպետս (ես եմ արել կամ նւիրաբերել)»։ 

Այսպիսով, նա կարծում է, որ գորգը պարզապես սովորական աղոթքի գորգ չէր, այլ պատրաստվել էր որպես տաճարի դռան վարագույր։ Այս մեկնաբանությունը բավականին հեռու է այն բանից, ինչ գորգի արձանագրության տառերն իրականում ասում են։

 

Աղբյուր՝

Ֆոլկմար Գանցհորն, Քրիստոնեա-արևելյան գորգը 

Աշխունջ Պողոսյան, «Եռախորան» գորգի ծագումնաբանության հարցի շուրջ

×

Հարցման ձև