Այս հոյակապ գորգը, որը գորգագործի անվանով ա կոչվում է «Գուհար», չափազանց կարևոր պատմական փաստաթուղթ է՝ գունեղ պատմությամբ։ Գորգին առաջին անգամ անդրադարձ է կատարվել, երբ այն հայտնվել է 1899 թվականին Լոնդոնում, որտեղ լուսանկարվել է Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում և հետագայում հրապարակվել Ֆ․Ռ․. Մարտինի կողմից 1908թ.-ին: Այնուհետև, սակայն, այն անհետացել է տեսադաշտից և նորից հայտնվել 1977թ.-ին, երբ վաճառքի է հանվել Լոնդոնի աճուրդում LeFevre and Partners-ի կողմից: Հարկ է շեշտել, որ «Գուհար» գորգը Բրիտանական թանգարանում չի գտնվում, ինչպես նշում են գորգի որոշ մասնագետներ:
Գորգը արցախյան ոճով է և պատկանում է վիշապագորգի ընտանիքին։
Գորգի վերին մասում կա արձանագրություն, որը ջերմեռանդ խնդրանք է և արտացոլում է գորգագործի հավատքը. «Ես Գուհարս մեղօք լի, հոգովս տկար, ես նորհաս ձեռամբ զսա գործեսցի, օվ կարդա մեկ բերան օղորմի թող ասի, թվին ՌՃ» (1100թ․, ժամանակակից օրացույցով՝ 1680թ․):
Ժամանակին, երբ գորգի մասին տեղեկությունները չնչին էին, այն շարունակում էր տարբեր մասնագետների համար բանավեճի թեմա լինել, հատկապես, քանի որ մակագրությունը, թվում էր, արհեստականորեն վաղ ամսաթիվ էր:
Ամսաթիվն այնքան էլ պարզ չէ իրականում, քանի որ մենք սովոր ենք ժամանակագրության, որտեղ 4 թվեր կամ տառեր հաջորդաբար ներկայացնում են հազարամյակը, դարը, տասնամյակը և տարին։ Այստեղ երկու տառ է, որոնցից մեկը հազարամյակն է ներկայացնում, մյուսը՝ դարը։ Մասնագետների կողմից, սակայն, առաջարկվել է տարեթիվն ընդունել 1129 թվականը՝ ըստ հայկական օրացույցի, որը սկսվել է 551 թվականին; Ժամանակակից քրիստոնեական օրացույցով սա 1679-80 թվականներն է: Ամսաթիվը որոշների կողմից կարդացվել է նաև որպես 1149 կամ մ.թ. 1699-1700 թվականներ, մինչդեռ մյուսները ենթադրում են, որ ամսաթիվը վերաբերում է իսլամական օրացույցին, որը սկսվել է մ.թ. 621 թվականին և, հետևաբար, պետք է լինի 1732 թվականը: Թեև եղել են նաև կասկածներ, որ ամսաթիվը փոփոխվել է, սակայն գորգը կեղծելու որևէ ապացույց երբևէ չի հայտնաբերվել: Որոշ մասնագետներ ենթադրում են, որ արձանագրությունը պատճենվել է ավելի վաղ գորգից։ Ինչպես բազմաթիվ վիճահարույց գորգերի դեպքում, այստեղ էլ պետք է պատասխանը փնտրել հենց գորգի մեջ:
«Գուհար» գորգի դիզայնն իր մեծ, հղկված արմավենիներով և մեդալիոններով, կարելի է դասել կովկասյան Քասիմ Ուշագ կոչվող գորգերի շարքին, որոնք հավանաբար սկսել են գործվել XVII դարում և տարածվել մինչև XIX դարի սկիզբը: Այս գորգերին բնորոշ են ուղղահայաց առանցքի յուրաքանչյուր ծայրին պատկերված մեծ արմավները, ինչպես նար դրանց կողքերի դեղին դաշտով եզրագոտիները։ Կենտրոնական մեդալյոնը, հիմնադաշտի չորս փոքր արմավները և Գուհարի եզրագոտիները համահունչ են տասնյոթերորդ կամ տասնութերորդ դարերի գորգերում հայտնաբերված դիզայնի տարրերին: Նույն եզրագոտին տեսնում ենք նաև Սան Ֆրանցիսկոյի կերպարվեստի թանգարանի հավաքածուի վիշապագորգի վրա։ Գույները, սակայն, բնորոշ չեն ավելի վաղ գորգերին։ Այստեղ զարմանալիորեն փոքր քանակությամբ մուգ կապույտ է առկա, նաև աչքի է զարնում կանաչի և դեղինի անսպասելիորեն առատ օգտագործումը:
Այսպիսով, թեև գորգը կարծես թե հիմնական գորգատեսակ չէ, համոզիչ ապացույցներ չկան, թե այն այնքան հին չէ, որքան հուշում է ամսաթիվը։ Անշուշտ, դրա՝ որպես արվեստի յուրահատուկ նմուշի մասին կասկած անգամ լինել չի կարող։
Դիզայնի, գույնի, հյուսվածքի և կոմպոզիցիայի հավասարակշռությամբ Գոհարը հաջողված և հոյակապ գորգ է: Հայկական ծագումը, որը դժվար թե կասկածի տակ դրվի՝ հաշվի առնելով մակագրությունը, օգնում է նաև շատ ավելի լայն թվով գորգեր դասել հայկական գորգագործական մշակույթին։
Աղբյուր՝
Lucy Der Maneulyan, Murray L.Eiland, Weavers, Merchants and Kings, The Inscribed Armenian Rugs, Kimbell Art Museum.
H.M.Raphaelian, Rugs of Armenia, Their History and Art
F.R. Martin. HistoryofOriental Carpets before 1800. Vienna, 1908.