«Ջրաբերդ» տեսակի գորգերը դասվում են վիշապագորգերի խմբին:Այդ խմբի գորգերը տարբեր աղբյուրներում անվանվում են նաև «Չարաբերդ», «Չալաբերդ», «Արծվագորգ», «Ադլեր-Ղազախ» և այլն։ Գորգի վաղագույն օրինակները թվագրվում են 17-18-րդ դարերով: «Ջրաբերդ» տեսակի գորգերը տարածված են եղել մեծամասամբ Արցախի, Սյունիքի գորգագործական կենտրոններում:
«Ջրաբերդ» խմբի գորգերի հիմնական բնորոշիչը խաչաձեւ առանցքով խոշոր ու բարդ հորինվածքն է, որի յուրաքանչյուր գագաթին պատկերվում են ոճավորված զույգ թռչնագլուխներ։ Այդ ամենը լրացված են ճառագայթանման հավելվածներով, որը Աշխունջ Պողոսյանն անվանում է «ճառագայթազարդ հորինվածք»: Կենտրոնում՝ շեղանկյուն զարդաշրջանակում ամփոփված է քառաթերթ վարդակ, որը հայոց զարդարվեստում հայտնի է նաև «զարդ աշխարհի» անվանումով։
Ըստ Աշխունջ Պողոսյանի դասակարգման՝ տարբերակվում են “Ջրաբերդ” խմբի գորգերի երկու ենթախումբ՝ «Դասական ջրաբերդ» և «Ուշ ջրաբերդ»։
«Դասական ջրաբերդ»-ին պատկանող գորգերը թվարգվում են 17-18-րդ դարերով և հիմնականում բնորոշվում են «ճառագայթազարդ» հորինվածքով և ոճավորված վիշապապատկերներով: Այդ ենթախումբն իր հերթին ունի մի քանի տիպի գորգեր․
-«Գուհարյան Ջրաբերդ»: Այս տիպին պատկանող գորգերի գեղազարդման համակարգում, բացի հիմնական հորինվածքից, առանցքային նշանակություն ունեն նաև վիշապի երկուական ոճավորումներից կազմված քնարաձև հորինվածքները, որի դասական նմուշը 1700 թվականին գործված հայտնի «Գուհար» գորգն է: Այս գորգերի ծագման հիմնական տարածաշրջաններն Արցախն ու Սյունիքն են։
-«Ձկնավոր Ջրաբերդ»: Այս գորգերի գեղազարդման համակարգում հավասարապես կարևորված են «Ջրաբերդ» հորինվածքը, բազմաթերթ տարատեսակ վարդակներն ու ձկնակերպ խոշոր ոճավորումները: Այս տիպին պատկանող ու 18-րդ դարով թվագրվող մի ուշագրավ նմուշ պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։ Այս գորգի գեղազարդման համակարգի մի յուրահատկությունն էլ այն է, որ հիմնական հորինվածքի հանդիպակաց գագաթներին կան աղեղնաձև բարդ նախշեր, որոնք նմանվում են ձկնապատկերների: Ծագման տարածաշրջանները համարվում են հյուսիս-արևմտյան Պարսկաստանի ու արևելյան Վասպուրականի գորգագործական կենտրոնները։
«Ուշ ջրաբերդ» - թվագրվում են 19-20-րդ դարերով։ Այս ենթախմբի գորգերը ստեղծվել են դասական գորգերի գեղազարդման համակարգերի հետագա զարգացումների հիման վրա, սակայն այստեղ չկան վիշապի քնարաձև ոճավորումներ։ Այս ենթախմբի գորգերի տիպերն են․
-«Ջրաբերդ», որը բնորոշվում է մեկ կամ մի քանի «ճառագայթազարդ» դասական հորինվածքով: Սրանց գործելու հիմնական տարածաշրջանները համարվում են Արցախն ու Սյունիքը։ Այս տիպին կարելի է դասել Վ․Թաթիկյանի կողմից «Յան» անվանվող ուղեգորգերը, որոնց հորինվածքը ձևավորվում է հիմնական վահանի կրկնությամբ։ Առավել տարածված են եղել Արցախի Խաչեն և Վարանդա գավառներում։ Որոշ գորգերում վահանը սեղմվել է, նրա տասներկու ճառագայթներից ութն են մնացել, կենտրոնական խաչն ու դրա թևի կեռաձև արծվենյակներն անհետացել են, սակայն գորգի հմայքը, միևնույն է, պահպանվել է։ «Յան» տեսակի ուղեգորգերը փռվում էին հանդիսությունների ժամանակ, ընտանիքի ավագները նստում էին ամենքը մեկ վահանի վրա՝ այսպիսով վահանին տալով պահպանիչ նշանի խորհուրդ։ Վահանների տարբեր տարատեսակներ խորհրդանշում էին առանձին տոհմերի գերբերը։
-«Ջրաբերդ- Վարանդա» տեսակն ունի բացված թևերով թիթեռի տեսք ունեցող հորինվածք, իսկ կենտրոնում «զարդ աշխարհի» քառաթերթ վարդակն է: Բացի հիմնական հորինվածքից, գորգադաշտի գեղազարդման համակարգը լրացվում է մանր բուսանախշերով ու կենդանակերպ ոճավորումներով: Այս տիպի տասնյակ կատարյալ նմուշներ վերաբերում են Արցախի Վարանդա գավառի գորգագործական կենտրոններին ու հատկապես Բերդաշեն գյուղին։ Չի բացառվում, որ այդ տիպը 19-րդ դարի վերջերում արված այն գորգանկարներից կարող է լինել, որոնք կատարվեցին մասնագետ նկարիչների կողմից ու տրամադրվեցին Կովկասյան տնայնագործական միության արտելներին ու անհատ տնայնագործներին:
-«Ջրաբերդ-Դիզակ»-ի դեպքում տասներկու ճառագայթների փոխարեն ներկայացված են նույնքան ոճավորված թռչնագլուխներ: Այս հորինվածքի կենտրոնում լինում է երկայնաձիգ ութանիստ զարդ: Դրա ուղղաձիգ գագաթներին մեկական խոյեղջյուր պատկեր է, իսկ վերջինիս երկու կողմերին՝ մեկական թռչնակերպ ոճավորում: Գեղազարդման համակարգի կարևոր բաղադրամասերից է նաև «Կենաց ծառ» զարդանախշը, որը սովորաբար պատկերվում է հիմնական հորինվածքի եզրերին: Այս տիպի գորգերը հատկապես բնորոշ են Արցախի Դիզակ գավառի գորգագործական կենտրոնին: Այն տարածված էր նաև Զանգեզուրի գորգագործական կենտրոններում՝ հատկապես Տեղ, Կոռնիձոր, Խնձորեսկ գյուղերում, Գողթան գավառում, Երնջակում, Շարուրում։
Կցանկանայինք նաև հավելել, որ թեև Ջրաբերդ տեսակի գորգերը բնորոշ են հատկապես Սյունիքի և Արցախի գորգագործական կենտրոններին և ընդունված տեսակետ է, որ այնտեղ էլ ծագել են, սակայն հայտնի է նաև, որ դրանց առանձին տիպեր ու տարբերակներ տարածված են գորգագործական այլ կենտրոններում ևս՝ մասնավորապես Այսրկովկասի հյուսիսարևելյան, Իրանի հյուսիսարևմտյան ու Փոքր Ասիայի արևմտյան տարածաշրջանների գորգագործական կենտրոններում:
Գրականություն․
-Աշխունջ Պողոսյան, Ջրաբերդ խմբի գորգերի ծագումնաբանական հարցերի շուրջ։
-Վահրամ Թաթիկյան, Արցախի տոհմագորգերը
-Աշխունջ Պողոսյան, «Արցախի գորգագործական մշակույթը»