«Խնձորեսկ» տեսակի գորգերը բնորոշվում են քառակուսի զարդի մեջ ամփոփված արևի ու հավերժության որևէ խորհրդանշանից և այն բոլորող վիշապի ութ ոճավորումներից կազմված հորինվածքով: Հորինվածքի բաղկացուցիչ մաս են նաև զարդի անկյուններից սկզբնավորված նախշերը: Զարդի ուղղաձիգ առանցքի ուղղությամբ լինում է մեկական «Կենաց ծառ»: Ներկայացվում է բազմանիստ վանդակում կամ առանց դրա, պատկերվում մեկ կամ երկու շարքով: Կան նաև մեկ հորինվածքով գեղազարդվածներ: «Խնձորեսկ» տերմինը միջազգայնացված և ընդունված է ուսումնասիրողների գերակշիռ մասի կողմից: Հաշվի առնելով այդ հանգամանքը, որ Խնձորեսկ գյուղը գորգագործության, և մասնավորապես, գորգերի այս տիպի ավանդական կենտրոն լինելու փաստը: Հիմնականում բնորոշ է Արցախի, Սյունիքի, Գուգարքի գորգագործական կենտրոններին։ 

 

Սյունիքի տարբերակներում կենտրոնական մոտիվը կեռխաչը գոյանում է օձի և թռչունների խաչաձևումից, իսկ դրա շուրջ գալարված վիշապները բազմագույն են, և յուրաքանչյուր գույն խորհրդանշում է տվյալ վիշապի բնույթը: Խնձորեսկների վահանների կենտրոնում կրիա խորհրդանշող զարդանախշեր են, որոնց վրա էլ պատկերված են կեռխաչեր: Այս տիպի գորգերի մասին Ղարաբաղում պատմվում է, թե դրանք պատկերում են մի սյուժե ըստ որի « ... վիշապն աղջկան փախցրել է տղան ման է գալիս, որ գտնի»: «Գտնել» բառը ցույց է տալիս, որ աղջիկը քողարկված է ինչ-որ զարդանախշի մեջ, որը հենց կրիան կարող է լինել, իսկ դա հեթանոսական շրջանում Աստղիկ դիցուհու խորհրդանշանն էր: Ինչ վերաբերում է «տղային», նա կա′մ կեռ խաչով խորհրդանշված Արեգակի աստված Միհրն է, կա′մ զարդանկարի հիմնական մասը կազմող Վահագն վիշապաքաղը: 

 

Սյունիքի առավել մեկուսի բնակավայրերում գործվել է Խնձորեսկի մի շատ հնատիպար տարբերակ, որի հորինվածքում կենտրոնական վիշապաձևերն ավարտվում են քարայծերի պոզեր հիշեցնող մի տարրով: Ինչպես երկու տարրերի թռչունի և օձի խաչաձևմամբ կազմված կեռխաչը, այնպես էլ այս զարդանախշը բարդվել է երկու տարբեր կենդանանախշերից՝ վիշապից ու այծից: 

 

 «Խնձորեսկներ» գործվել են Սյունիքի բոլոր բնակավայրերում, Արցախում, Գուգարքում: Այս տիպի գործման ընդհանուր տարածքից կտրված մեկուսի օջախներ կան նաև Տավուշում (Չորաթան, Նավուր, Պռավաքար, Սևքար, Խաշթառակ, Գանձաքար) , Լոռիում (Դովեղ, Ջուջևան, Ճոճկան, Վարդաբլուր)  և անգամ՝ Այրարատում (Քանաքեռ, Հին Կոնդ, Գառնի, Օշական): Առանձնացված օջախներում հանդիպում են «Խնձորեսկի» Սյունիքում, Արցախում տարածված տարբերակներից բավական հեռացած նմուշներ: Սա ցույց է տալիս, որ այս տիպի տարածումը սկսվել է շատ վաղուց, գորգագործական արհեստի յուրացման և համընդհանուր ժողովրդականացման ժամանակաշրջանում: «Խնձորեսկն» իրավամբ պետք է համարել ցեղատոհմային ծագում ունեցող վահանավոր վաղագույն հորինվածքներից մեկը իր վառ արտահայտված տոտեմական-կոսմոգոնիկ պատկերացումների հետ կապված զարդանախշերով: 

 

 

Աղբյուրը՝ 

Ավանեսիան Լ., Հայկական գորգերի զարդաձևերի խորհրդաիմաստը (ատենախոսություն), Երևան, 2014թ.:

Թաթիկյան Վ., Արցախի տոհմագորգերը, Երևան, Լուսաբաց, 2004թ. :

Քյուրտեան Յ., Վիշապը հայկական գորգերուն մեջ, Բազմավեպ, 1931թ.:

×

Հարցման ձև