1915թ-ի սեպտեմբերին Օսմանյան Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն առաջարկեց ստեղծել հատուկ հիմնադրամ, որը կօգներ ցեղասպանությունից տուժած հայերին եւ ասորիներին, հատկապես որբերին: ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի աջակցությամբ բացվեց Հայկական եւ ասորական աջակցության ամերիկյան կոմիտե կառույցը, որն ավելի ուշ վերանվանվեց ու մինչեւ օրս գործում է Մերձավոր Արեւելքի Օգնության Ֆոնդ (Near East Relief Foundation) անվամբ: Բարեգործական միությունը փրկեց եւ ապաստան տվեց մոտ 132 հազար հայ երեխաների: Նրանց մի մասը պատսպարվեց Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Շատ չանցած' շվեյցարացի միսիոներ Ջեյկոբ Կունցիերի գլխավորությամբ Բեյրութից 40 մղոն հյուսիս գտնվող Ղազիր փոքրիկ քաղաքում բացվեց գորգագործական արհեստանոց: Վերջինիս հիմնադրման նպատակն էր մանուկներին գորգագործության արհեստն ուսուցանելը, որպեսզի նրանք կարողանային այդպիսով կյանքի միջոցներ հայթայթել: 1923թ-ից 1930թ ընթացքում նրանք արտադրեցին 3254 գորգ: Դրանցից ամենահայտնին երեխաները պատրաստել են ԱՄՆ նախագահի համար: Այն ԱՄՆ Սպիտակ Տանը նվիրաբերել են 1925թ-ի դեկտեմբերին, իբրև երախտագիտություն հայ որբերի հանդեպ ամերիկյան ժողովրդի ցուցաբերած բարի կամքի դրսևորման համար։
3,53 մետր (12 ոտնաչափ) լայնությամբ, 5.61 մետր (18 ոտնաչափ) երկարութամբ եւ 4 միլիոն 404 հազար 206 հանգույցներով հայկական գորգի վրա պատկերված են ավետարանում նկարագրված եդեմական պարտեզը' տարբեր կենդանիներով և զարդանախշերով: 400 հայ որբեր պատմական այդ գորգը գործել են 18 ամսվա ընթացքում: Նույն գորգից, ավելի փոքր չափսի, հայ երեխաները գործեցին Ջեյկոբ կամ ինչպես որբերն էին ասում' Պապա Կունցլերի համար: Այն պահվում է Սան Ֆրանցիսկոյում Ջեյկոբ Կունցլերի դստեր տանը:
Սպիտակ տունը, նախնական մերժումից ու մեկ տարվա պայքարից հետո, 2014-թ նոյեմբերին արտոնեց հայ որբերի գորգի ժամանակավոր ցուցադրությունը Սպիտակ տան այցելուների սրահում: Իսկ Ղազիրի որբատան հայ աղջիկների ձեռքի շնորհքն են նաև «Մարաշի գործեր»ը, որոնք ասեղնագործության յուրահատուկ գլուխգործոցներ են և պատկերվում են ավետարանական տեսարաններ։
Աղբյուր՝ Հարոլդ Բեդուկյան; Հայ որբերի գործած և հայատառ արձանագրությամբ այլ գորգերը մասնավոր հավաքածուներում; Հայկական Հանգույց․ գորգարվերտի ավանդույթները․ միջազգային գիտաժողովի զեկուցումների հավաքածու, Երևան 2013