Հայաստանի հատկապես դաշտավայրային գորգագործական օջախներում առավել տարածված են եղել գորգատեսակներ՝ հողագործական մշակույթը ներկայացնող զարդանախշերով, որոնք իրենցից ներկայացնում են բուսածաղկային հորինվածքներ:
Գորգի ցեղային-տոհմական նշանակությունը դրանցում ավելի թույլ է արտահայտված, դրա փոխարեն մշակվել են ավելի բարդ, բազմամաս, միահյուս պատկերներ:
Բուսական ոճաորում ունեցող գորգերին բնորոշ են կրկնույթները, երբ զարդանախշը բաղկացած է համաչափ կրկնվող, միանման մոտիվներից, որոնք իրենցից ներկայացնում են դաշտային բնապատկեր և արտացոլում են եդեմական այգին:
Բուսածաղկային հորինվածք ունեցող գորգատեսակներից առանձնանում է խաղողի տերև հիշացնող զարդամոտիվով գորգերը:
Ըստ ամենայնի այս նախշը տարածված էր վաղ Կովկասյան գորգերում։ Տարբեր թանգարաններում առկա մոտ երկու տասնյակ գորգեր ու գորգերի պատառիկներ կարելի է նշել։ Մուգ կապույտ դաշտը, որը գորգի վերին մասում դառնում է գորշ շագանակագույն, պատված է խիտ դասավորված մոտիվներով, որոնք նմանվում են ուղղահայաց շարքերով իրար հերթագայող ծաղկային տարրերի, պալմետների և տերևների անվերջ կրկնվող նախշերի։ Մյուս կողմից, այն կարելի է դիտարկել որպես չորս հիմնական տարրերի անկյունագծային կրկնություն, որոնք միասին ձևավորում են ադամանդ։ Յուրաքանչյուր խումբ ներառում է երկու մեծ պալմետ, որոնք տեղադրված են լայնությամբ՝ ծայրով դեպի ներս, և երկու փոքր պալմետ, որոնք ուղղահայաց առանցքի վրա են՝ ծայրերով դեպի դուրս։
Խմբից խումբ մեծ պալմետները տարբերվում են իրենց ձևով և գունավորմամբ։ Նույնիսկ խմբի ներսում կա գունային հակադարձումներ։ Այսպիսով, մի խումբը կազմված է երկու մեծ և խորդուբորդ կամ խաղողի տերևի նման պալմետներից՝ մեկը փղոսկրագույն, մյուսը ավազագույն։ Յուրաքանչյուրն ունի իր փոքր կենտրոնական լոտոս պալմետը և բողբոջների ու ծաղիկների ճառագայթային դասավորությունը։ Այս մեծ պալմետից՝ ծայրին մոտ, դուրս են գալիս երկու կեռաձև կարմիր խաղողի տերևներ, որոնցից յուրաքանչյուրն ավարտվում է խորդուբորդ, կարմիր և բաց կապույտ նիզակաձև տերևով՝ երկու նիզակները գրկում են պալմետը։ Փոքր պալմետներում, որոնք շատ ոճավորված, կոշտ լոտոսի ձև ունեն, պարզ նկատելի է կարմիրի և դեղինի համադրությունը։ Մյուս խմբում այս ուղղահայաց տեղակայված պալմետները նման են, բայց մեծերը որոշ չափով ադամանդաձև են՝ նուրբ աստիճանավոր եզրերով։ Փղոսկրագույն հատվածում իրար հերթագայում են բաց կապույտ կամ մանուշակագույն կենտրոնական լոտոսները։
Գորգում առկա բուսանախշերը հանդիպում ենք դասական վիշապագորգերում, ինչի համար ենթադրվում է, որ բուսածաղկային գորգերի այս տեսակը ձևավորվել է դասական վիշապագորգերից:
Բուսածաղկային գորգերի առաջացման ավանդական կենտրոնները Արարատյան դաշտը և դրան հարող Նախճջևանն են, Գանձակը, այգեգործական հնագույն ավանդույթներ ունեցող Գուգարքը և Արցախը (մասնավորապես Շուշի), Սյունիքի, Շիրվանի, Վասպուրականի, Տարոնի գորգագործական կենտրոններին:
Աղբյուրը՝
Չարլզ Գրանտ Էլլիս, Վաղկովկասյան գորգեր
Հայկական գորգարվեստ, XVII-XX դարեր, Հայաստանի պատմության թանգարան։