«ԹագԱստղ» գորգի վաղագույն օրինակ հանդիպում ենք  Յան Վան Էյքի 1436 թվականին արված  Տիրամայրը մանկան հետ պատկերող գեղանկարում: Այստեղ հոլանդացի գեղանկարիչը գորգը ներկայացրել է  Տիրամոր ոտքերի տակ փռված: 

Դորիս Էդերը այս գորգերն ու դրանց նմանօրինակները վերագրում է լեզգիներին, ուստի գորգը մասնագիտական շրջանակներում հայտնի է որպես «Լեզգի Աստղ»: Հաճախ հանդիպում ենք նաև «Փայլող Աստղ» անվամբ: Ֆոլկմար Գանցհորնի հետազոտությունների համաձայն՝ այսպիսի գորգերը պատկանում են Արցախի խմբին և հյուսվել են հայկական ընտանիքների կողմից։ Այս տեսակետը համընկնում է նաև Վահրամ Թաթիկյանի և Մանյա Ղազարյանի համուզմունքներին։ Այս ընտանիքներից մեկը 1991 թվականի դրությամբ դեռ բնակվել է Կիրովաբադում:

Այս խմբից մեկ օրինակ, որը թվագրվում է 1815 թվականին և պարունակում է հայկական արձանագրություն, գտնվում է Երևանում՝ Ժողովրդական արվեստների թանգարանում: Այս նմուշում գորգի քրիստոնեական բնույթը էլ ավելի ակնհայտ է, քանի որ վառ ուրվագծված ուղղափառ (հեղինակն անվանում է հունական) խաչեր ենք տեսնում մեծ խաչաստղերի միջև առկա դատարկ տարածքներում:

«ԹագԱստղ» գորգերը երկրաչափական դիզայն ունեն և սովորաբար մեկ կամ մի քանի զարդամոտիվ ունեն հիմնադաշտում: Գորգի հիմնական զարդանախշը ութաթև ճաճանչաձև աստղն է, որը, կրկնվելով, զբաղեցնում է ողջ հիմնադաշտը։ Այն երբեմն հանդիպում է հենց այդպես՝ հիմնադաշտում, երբեմն լինում է շրջանակում։ Աստղային զարդամոտիվներն ունեն փոփոխվող գունային նախշ։ Լայն և նեղ եզրագոտիներում հանդիպում ենք կակաչների, տերևների, ծաղկի գլուխների, աստղերի, խաղողի որթերի, կրկնակի E-աձև, կրկնակի S-աձև մոտիվների։ 

Այս գորգերի հիմնադաշտում ընդհանուր առմամբ գերակշռում են կապույտը, կարմիրը, ոսկեգույնն ու  փղոսկրագույնը: Այս գույները կիրառված են նաև լայն եզրագոտում: Նեղ եզրագոտում և դիզայնի այլ տարրերում հանդիպում են նաև դեղինի, կապույտի, դարչնագույնի, կանաչի, շագանակագույնի և սևի երանգները։ Գույների այս երանգները երբեմն նաև կարող են օգտագործվել հիմնադաշտում։

Գորգատեսակն առավել տարածված է եղել Գարդմանի, Տավուշի և Լոռու տարածաշրջաններում։

 

Աղբյուր՝

Ֆոլկմար Գանցհորն, Քրիստոնեա-արևելյան գորգը 

Աբրահամ Լևի Մոհեբան, Անտիկ գորգերի հանրագիտարան․ գործվածքի 25 դար

×

Հարցման ձև