Դասական վիշապագորգերի՝ մինչ մեր ժամանակները պահպանված վաղ՝ դասական նմուշները թվագրվում են XVI –XVIII դդ. ու բնորոշվում են գեղազարդման համակարգում առասպելական վիշապի ոճավորված պատկերների ներկայությամբ, բավականին խոշոր չափերով և գեղազարդման համակարգի արտակարգ հարստությամբ: 

 

Վիշապագորգերը համարվում են ոչ միայն հայկական, այլև ողջ գորգագործության ամենահին խումբը։ Մի շարք գիտնականներ, այդ թվում Ֆ. Մարտինը, Ֆ. Սարրեն, Ֆ․Գանցհորնը, Լ․Է․ Մյուրրեյը, Լ․ Դեր Մանուելյանը, Գ․Հ․ Էլլիսը, հիմնվելով հայկական արվեստի մյուս ճյուղերի հետ ունեցած ընդհանրություններով, համարում են, որ վիշապագորգերն ունեն հայկական ծագում։ Ֆ. Մարտինը որպես ծագման վայր նշում է Վանը և Սեբաստիան, Գանցհորնը ծագման վայր է համարում Վասպուրականն ու Փոքր Հայքը, իսկ Գ․Հ․ Էլլիսը համարում է, որ արտադրման կենտրոնը Արցախն է, Շուշիի շրջանը։ Ըստ Վահրամ Թաթիկյանի՝ դասական վիշապագորգերը սերում են հին Արցախյան տոհմագորգերից:  

 

Վիշապագորգերի հորինվածքում, բուսական և  կենդանական զարդանախշերի տարբեր զուգորդումներով կարևորված է վիշապի վերացարկված, ոճավորված կերպարը, որտեղից էլ գալիս է գորգի անունը: Վիշապագորգի հիմնադաշտում երկայնակի կենտրոնական առանցքով դասավորված են բազմազան հորինվածքներով շքեղ վարդյակներ: Վիշապները տեղադրված են այդ առանցքին զուգահեռ 2 շարքում, յուրաքանչյուրում՝ 2-4 հատ, որոնց մոտ պատկերված են կենաց ծառեր: Դասական վիշապագորգերին բնորոշ են նաև մեծ չափերը (մոտ 3x7 մ), երիզող մեկ զարդագոտին, տիրապետող չորս գույները կարմիր, կապույտ, շագանակագույն, փղոսկրագույն: Հիմնագույնը գերազանցապես վառ կարմիրն է՝ ստացված որդան կարմիրից: 

 

Եթե գրեթե բոլոր եվրոպական, արևելյան, անգամ ուշ հայկական ավանդություններում  վիշապը հանդես է գալիս որպես խավարի ու ջրի ինչ-որ չար էություն, որը հաղթելի է միայն Աստծո օգնությամբ, ապա Հայաստանում գոյություն ունի մի երկրորդ, ավելի հին վիշապ՝ ճիշտ և ճիշտ հակադիր հատկություններով․ որպես ջուրը հսկող՝ նա խորհրդանշում է բարություն և իմաստություն, մարմնավորում զորություն և պաշտպանում անարդարությունից ու չարիքից։ Վիշապի պատկերացումը որպես Աստվածայինի փոխակերպություն (ինկառնացիա) սերում է տոտեմական ժամանակների հին հավատալիքներից։ Վիշապի այսպիսի պատկերացման լավագույն օրինակներից մեկը վիշապաքարերն են, որոնք տեղադրված են եղել բնական և արհեստական ջրավազանների ու աղբյուրների ակունքների մոտ և խորհրդանշել տարերքի անսանձ ուժը, բնության զարթոնքը, պտղաբերություն, առատություն։ Ելնելով վերոգրյալից՝ կարելի է համարել, որ վիշապագորգերն ունեցել են պաշտպանիչ նշանակություն։ Ընդ որում՝ բացի գորգադաշտում զբաղեցրած կենտրոնական դիրքից, վիշապները որպես պահապան ու հովանավոր, օգտագործվել են նաև եզրագոտիների գեղազարդման ասպարեզում: Ինքը՝ եզրագոտին, որի գեղազարդման մանրամասերը հիմնականում չարխափան նշանություն ունեցող ատամնավոր, զիգզագ կամ գալարուն գունաշերտեր են, դաղդղանատիպ (պահպանակ) ու «օձագալար» ոճավորումներ և այլն, հանդես էր գալիս որպես գորգի սրբազնացված և անարատ տարածքը չար ուժերից անջրպետող գործոն։ 

 

Աղբյուր՝ 

Ա․ Պողոսյան, Դասական վիշապագորգերի ծագումնաբանության ու տիպաբանման հիմնահարցերի մասին։ 

Ֆ․ Գանցհորն , Քրիստոնեա-արևելյան գորգը

Ch.G. Ellis, Early Caucasian Rugs

Վ․ Թաթիկյան, Արցախյան տոհմագորգեր

×

Հարցման ձև