Գորգն իր անունը ստացել է հնագետ Ուլրիխ Շուրմանի կողմից: Գոյություն ունի երկու վարկած․ Շուրմանը հիմնադաշտի մեծ զարդանախշը նմանեցրել է ջրային տարածքի՝ Սևանա լճին կամ Սևանի տարածքում գորգի տարածված լինելն է հիմք հանդիսացել անվանման ընտրության հարցում։ Այս գորգատեսակի վաղագույն օրինակները թվագրվում են 19-րդ դարով: Գորգի մասնագետների շրջանում այս տեսակը հայտնի է նաև «Վահան» անունով։
Սևան տեսակի գորգերի դիզայնը երկրաչափական է: Դրանց բնորոշ է կենտրոնական մեծ վահանաձև նախշը, որը ծածկում է հիմնադաշտի մեծ մասը: Մեծ եզրագոտում կարելի է հանդիպել ոճավորված ծաղկի գլխիկներ, թփեր, անկյունային տերևներ և այլ մանր մոտիվներ, որոնք բնորոշ են հայ գորգերին: Նեղ եզրագոտիներում հանդիպում են եռաթև և զիգզագաձև նախշեր, որոնք ևս լայնորեն օգտագործվել են հայկական գորգարվեստում: 19-րդ դարով թվագրվող Սևան տեսակի գորգերում հաճախ առկա են հայատառ արձանագրություններ և հայկական օրացույցով ամսաթվեր:
Այս տեսակի գորգերում գերիշխում են մուգ կարմիրը, կապույտը, կանաչը կամ փղոսկրագույնը: Այս գույները օգտագործվել են թե՛ եզրագոտիներում և թե՛ կենտրոնական դաշտի համար: Դիզայնի տարբեր տարրերում առկա են նաև մուգ կապույտի, շագանակագույնի,դարչնագույնի և ոսկեգույնի տարբեր երանգներ։
Հենքի համար օգտագործվել է բուրդ կամ այծի մազի և բրդի խառնուրդ։ Միջնաթելի համար կարմիր ներկված բուրդ է օգտագործվել, երբեմն նաև բամբակ, կամ, ինչպես հենքի դեպքում՝ բրդի և այծի մազի խառնուրդ։ Խավի համար օգտագործվել է ոչխարի բաձրակարգ մշակված բուրդ, խավը բարձր է ու փափուկ: Լինում են գործված ինչպես փոքր չափի, այնպես էլ մինչև 2.5 մետրանոց գորգեր։
Այսօր Սևան տեսակի գորգերը ողջ աշխարհում հայտնի են իրենց գեղարվեստական դիզայնով և վառ ու աչքի ընկնող բնական գույներով։ Դրանք գործվածքի արժեքավոր նմուշներ են և մեծ պահանջարկ ունեն հին գորգերի շուկայում:
Աղբյուր՝
Abraham Levi Moheban;The Encyclopedia of Antique Carpets, Twenty Five Centuries of Weaving,