Պազիրիկը մինչ օրս հայտնի հնագույն գորգն է, որը 1949 թվականին հայտնաբերել է հնագետ Ռուդենկոն Ալթայում՝ Պազիրիկի 5-րդ կուրգանում, այստեղից էլ գալիս է գորգի անունը: Գորգն այժմ պահվում է Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ թանգարանում:
Գորգը ծագում է Ք.ա. 5-4-րդ դարերից, նրա չափսերն են՝ 183´198 սմ, գործված է 3600 հանգույց/դմ² խտությամբ: Գորգն ամբողջությամբ հյուսված է բրդից: Գորգը շուրջ 2500 տարի մնացել է սառած դամբարանում (կա վարկած, որ դամբարանը կողոպտվել է, որից հետո ջուր է լցվել ու սառցակալել) ու այդպիսով զերծ լինելով արտաքին որևէ ազդեցությունից՝ գործնականում անխաթար պահպանվել է մինչ մեր ժամանակները: Բացի այդ, այն աչքի է ընկնում գեղազարդման հարուստ համակարգով։ Այս հնագույն գորգում տեսնում ենք ոչ թե քոչվորական մորթու ինչ-որ երկարախավ փոխարինիչ, այլ հմուտ արհեստանոցում պատրաստած բազմամշակույթ, նրբանախշ, կարճախավ գործվածք, ինչը հիացմունքի է արժանի նույնիսկ գորգաործության մերօրյա հարուստ մշակույթի ժամանակների համար։
Գորգի ստեղծումը և որևէ ազգի պատկանելությունը մինչ օրս հստակ չէ և առաջ է քաշում բազմաթիվ տարակարծություններ:
Պեղումների ղեկավար Ս. Ի. Ռուդենկոն, համեմատելով այդ նմուշի և հարևան Բաշադարի կուրգանից հայտնաբերված գորգերի ու թաղիքների գեղազարդման տարրերը, ինչպես նաև նկատի ունենալով դրա գունա-հորինվածքային ներդաշնակ լուծումներն, արդեն այն ժամանակ հանգել էր Պազիրիկյան գորգի առաջավորասիական ծագում ունենալու տեսակետին։
Որոշ գիտնականներ գորգին վերագրում են աքեմենյան պարսկական, թուրք-օղուզական, չին-մոնղոլական ծագում։ Մի շարք ուսումնասիրողներ էլ, մասնավորապես Ուլրիխ Շուրմանը, Ֆոլկմար Գանցհոռնը և այլք, գտնում են, որ այդ գորգը գործել են Վանի թագավորությունում և որ այն վերաբերում է հայոց մշակույթին:
Հակիրճ եթե նկարագրենք Պազիրիկ գորգի կառուցվածքը, ապա կարող ենք ասել, որ այն կազմված է կենտրոնական հիմադաշտից, որտեղ 24 նմանատիպ մեդալյոններ են տեղադրված։ Հիմնադաշտը շրջափակված է 5 տարբեր լայնության եզրագոտիներով։ Առաջին փոքր ներքին եզրագոտին բաղկացած է փոքր քառակուսիներից, որոնցում դեղին ֆոնի վրա հայտնվում են արծվանման գիրֆոնները։ Երկրորդ ներքին գոտում, բաց կապույտ ֆոնի վրա ներկայացված է այծյամների շարք, որոնց Շուրմանն համարում է կետավոր եղջերուների արու տեսակը։ Երրորդ եզրագոտում պատկերված են տերևների և ծաղիկների հյուսվածքներ։ Չորրորդ գոտին ամենալայնն է, այստեղ ներկայացված են հեծյալներ, ինչպես նաև հատակին կանգնած և ձիու սանձը բռնած զինվորներ։Վերջին եզրագոտին կրկնում է առաջինը, սակայն գիֆրոններն այլ ուղղությամբ են նայում։
Շուրմանը կարծում է, որ գորգը ստեղծվել է Սակիսում՝ Ուրմիա լճից հարավ ընկած, Ուրարտու երկրում գտնվող այն ժամանակվա սկյութական մայրաքաղաքում։ Սակիսում ստեղծվելը հիմնավորում է նրանով, որ քաղաքը գտնվել է Նինվեից մի փոքր արևելք, այդ պատճառով էլ Նինվեի պալատների քարե գորգերը մեծ նմանություն ունեն Պազիրիկ գորգի հիմնադաշտի մեդալյոններին։ Այսպիսով, Սակիչը կարող էր լինել Ալթայի լեռների գերեզմանատանը թաղված թագավորի բնակավայրը։ Նա հաստատապես կրթված և վառ անձնավորություն է եղել, ով հնարավոր է՝ պատվիրել էր գորգը իր մահվանից տարիներ առաջ, և հայերը, որոնց ազդեցությունն այդ ժամանակ Կովկասի հարավային լանջերից հասնում էր մինչև Ասորեստանի հյուսիս, մատակարարել են բուրդը, տվել են գորգի գեղարվեստական կոնցեպցիան և հիասքանչ կատարումը։
Ուսումնասիրելով գորգի սիմվոլիկան՝ Շուրմանը հանգում է այն գաղափարին, որ սա տարիներ առաջ պատվիրված մահագորգ է։ Հիմնվելով Հերոդոտոսի նկարագրության վրա՝ հնագետը կարծում է, որ Պազիրիկ գորգը, ամենայն հավանականությամբ, որպես պաշտպանիչ իր, փռված է եղել մահացած թագավորի և թագուհու (ով, ըստ ավանդույթի, պետք է մահանար թագավորի հետ) մարմինների տակ։ Նաև, ըստ սկյութների հավատալիքների, քարայծը և գրիֆոնը կյանքից մահվան անցման խորհրդանիշներն են։ Այդ պատճառով էլ նշված քարայծերի մեկ հիմնական շարքը և գրիֆոնների երկու ուղեկցող եզրագոտիները, գորգը գործողի կողմից մատնանշումն է այն փաստի, որ գորգը գործվել է որպես թաղման ատրիբուտ։ Շուրմանը նաև սիմվոլիկայի մեջ մեծ շեշտ է դնում վերին ձախ անկյունում գտնվող չկրկնող երկու վարդյակներին, որոնք նա համարում է անիվներ ու կրկին դիմում է Հերոդոտոսին, ում պատմվածքում նշված է, որ թաղման արարողության ժամանակ հատուկ կառքեր են պատրաստվել 50 ստրուկների և 50 ձիերի տիկերով, որոնք ուղեկցել են թագավորին։
Ֆոլկմար Գանցհոռնը, որոշ չափով համաձայն լինելով Շուրմանի հետ, այնուամենայնիվ բացառում է, որ գորգում պատկերված փիավորները սկյութներ են։ Oգնության դիմելով Պերսեպոլիսի բարձրաքանդակներում պատկերված հայկական պատգամախմբին՝ Գոլցմանը կարծում է, որ հենց նրանք են համապատասխանում գորգում պատկերված ձիավարներին ինչպես տղամարդկանց գլխածածկույթով, այնպես էլ ձիերի մեծությամբ:
Գանցհոռնը հարցի տակ է դնում նաև Պազիրիկի մահագորգ լինելը։ Գորգում պատկերված թափորը կարող է լինել նաև մեծարման թափոր, իսկ Շուրմանի կողմից անիվներ անվանված վարդակները կարող էին նշանակել հավատարմություն մինչ ի մահ: Բայց դրանք կարող էին և արևի խորհրդանշաններ լինել՝ հեծյալ թափորի սկզբում, և ծիսական սեղաններ՝ լույսի խորհրդանշանների միջև: Հնարավոր է, որ դա եղել է գահաթոռի գորգ, որը մեռածի հետ դրվել է գերեզման:
Այնուամենայնիվ, Գանցհոռնը ևս, ինչպես և Շուրմանը, կարծում է, որ գորգը հայկական է և հայերի կողմից գործված։ Այստեղ պարզապես նա կարծում է, որ փռյուգիական հայերն են եղել ստեղծողները և որ Պազիրիկի կուրգանը ևս ոչ թե սկյութական է, այլ փռյուգիա-հայկական։ Հեղինակը նաև շեշտում է այն փաստը, որ գորգը հյուսված է կրկնակի հանգույցով, որն էլ բնորոշ է հայկական գորգագործությանը։
Ulrich Schurmann, «The Pazyryk. Its Use and Origine».
Ֆոլքմար Գոնցհորն, «Քրիստոնեա-արևելյան գորգը»
Աշխունջ Պողոսյան, «Պազիրիկ գորգի ծագումնաբանության մասին»